Սեբաստացի դառնում-լինում-մնում են ընտանիքով

Պատումս այսպես վերնագրեցի, որովհետև այն իսկապես համապատասխանում է իմ ընտանիքին:
(Վերնագիրը վերցրել եմ Աշոտ Բլեյանի բլոգից):
1985 թիվ: Մեր ավագ դստեր՝ Լուսինեի ձեռքը բռնած, անցանք մի քանի դպրոցներով: Իհարկե, այդ ժամանակ բանգլադեշին դեռ ծանոթ չէինք,որովհետև Շահումյանում էինք ապրում,բայց սպասում էինք, որ տուն կստանանք բանգլադեշում:
Հասանք թիվ 183 դպրոց: Դպրոցում մեզ դիմավորեց Աշոտ Մանուչարյանը: Լուսինեի հայրիկի դեմքը վերջապես պայծառացավ, քանի որ նրանք ճանաչում էին միմյանց համալսարանից: Մտերմիկ զրույցից հետո տեղեկացանք, որ այնտեղ էր աշխատում նաև Աշոտ Դաբաղյանը և, որ տնօրեն է լինելու Աշոտ Բլեյանը: Լուսինեի հետ զրուցելուց հետո մենք հաստատվեցինք այդ դպրոցում ընդմիշտ, քանի որ Լուսինեի հայրը ամբողջովին վստահեց դպրոցին և նրա ծրագրերին: Ես այդ ժամանակ աշխատում էի թիվ 102 անգլիական թեքումով դպրոցում և ուզում էի երեխաներիս նունպես տանել այդ դպրոց
( հիմա կարծում եմ հասկացաք, թե ինչու Լուսինեի հայրիկի դեմքը այդպես պայծառացավ): Երբ վերադարձանք տուն, երեկոյան Լուսինեի պապիկն ասաց, որ այդ դպրոցը ինքը և իր եղբայրներն են կառուցել, և այն հարյուր տոկոսով դարձավ մերը: Եվ մենք չսխալվեցինք:
Այս կարևոր փաստն էլ չմոռանամ. Հարությունյան Մարգոն իմ Լուսինեի դասվարն էր, պատկերացնում եք, այստեղ էլ մեր բախտը բերեց:
Այն տարիներն, երբ դպրոցի և երեք Աշոտների ծրագրերի դեմ հալածանք սկսվեց, ես դարձա այս դպրոցի ամենաակտիվ ծնողներից մեկը և հաջորդ տարին դարձա ծնողական խորհրդի անդամ: Շա՜տ լավ հիշում եմ, թե ինչպես քառասուն հոգի ( չեմ հիշում իսկապես քառասուն հոգի էին, թե հայկական բնավորության համաձայն ասում էինք քառասուն հոգի) վերադաս մարմիներից եկել էին դպրոց հատուկ առաքելությամբ, քանի որ նրանք դեմ էին մեր դպրոցին և ծրագրերին: Չեմ ուզում շատ երկար պատմել: Ես արդեն այստեղ էի այս դպրոցում, չնայած դեռևս աշխարում էի թիվ 102 դպրոցում:
1988 թիվ: Մենք դպրոց ենք բերում մեր երկրորդ դստերը՝ Լիլիթ Գասպարյանին: Այս անգամ մեզ դիմավորեցին Դավիթ Հարությունյանը և Ալլա Մելիքյանը, ովքեր Լիլիթի հետ զրուցելուց հետո (անհամեստություն թող չթվա, նրանք հիացած էին Լիլիթով) նրան ընդունեցին դպրոց: Այստեղ էլ մեր բախտը բերեց, Լիլիթը Ալլա Մելիքյանի դասարանում էր: Մենք շատ գոհ էինք և ապրում էինք դպրոցի առօրյայով:
1992 թիվ: Դպրոց ենք բերում մեր երրորդ դստրը՝ Անժելա Գասպարյանին: Տեսնելով մեր երեխաների ոգևորությունը, հենց նույն տարին դպրոց բերեցինք նաև Անժելայի հորաքրոջ տղային՝ Արթուր Գրիգորյանին, դարձյալ Ալլա Մելիքյանի դասարան: Եվ այսպես շարունակվում է մեր երթը դպրոց: Հաջորդ տարիներին արդեն Արթուր Գրիգորյանի եղբայրը՝ Հայկ Գրիգորյանը: Այնուհետև Սեբաստացի դարձան քույրերիս երեխաները՝ Հրաչյա և Արսեն Բոյմուշակյանները, Դիանա, Անի և Էդգար Եղիազարյանները:
Եվ ահա 1993 թիվ: Ես վերջապես հայտ ներկայացրեցի դպրոցում աշխատելու: Մասնակցեցի մրցույթին, քննություններին և անցա աշխատանքի գիմնազիայում: Ցավով էի թողնում նախկին դպրոցս, քանի որ շատ էի սիրում այն: Մի քիչ վախ ունեի, արդյոք նոր կոլեկտիվը ինձ կընդունի այնպես, ինչպես նախկին դպրոցում էր: Բայց արի ու տես, որ ես բացարձակապես խորթություն չզգացի: Ես ինձ զգում էի և զգում եմ իմ ափսեում: Հենց այստեղ ազատ հոգիս գտավ իր տեղը դրսևորվելու, թևածելու, ազատ ստեղծելու, անընդհատ ինքնակրթվելու, պրպտելու և զարգանալու: Ես, իսկապես, հոգով և սրտով այստեղ եմ առանց մի վայրկյան անգամ ափսոսելու:
Արդյունքում կրթահամալիրում են թոռնիկներս՝ իմ հարստությունը, մեր երրորդ սերունդ սեբաստացիները: Հիմա կասեք չէիր կարող չբերել: Ո՛չ, կարող էի, (ես այդքան համարձակություն և ազնվություն ունեմ և չեմ կարող կեղծել) քանի որ նրանք իմ թուլությունն են, իմ կյանքի ամենակարևոր մարդիկ (ես հաստատ նրանց չէի զոհաբերի աշխատանքի համար): Ես ապրում եմ նրանցով, շնչում նրանցով և չէի կարող վնասել նրանց տանելով այլ դպրոց: Ես ընդունում եմ մեր ծրագրերը, մեր կրթահամալիրը, մեր առօրյան և հենց այստեղ եմ պատկերացնում նրանց: Հենց այստեղ են ձևավորվում մարդ-քաղաքացու կարևոր հատկանիշները. ինքնուրույնությունը, ստեղծականությունը, ինքնավստահությունը, հետաքրքրասիրությունը և այլն: Հենց այստեղ է, որ նախակրթարանից սկսած երեխան ձեռք է բերում բազմաթիվ հմտություններ և կարողություններ: Ո՛չ, ես իսկապես չէի կարող նույնիսկ մտածել այլ դպրոց տանելու մասին: Նրանք գալիս են այստեղ սիրով, հաճույքով և մեծ խանդավառությամբ: Ես ուրախ եմ, որ նրանք մեծանում և կրթվում են այսպիսի ազատ միջավայրում: Եվ վերջապես նրանց տեսնելով են եղբորս երեք թոռնիկներին և ամուսնուս եղբոր թոռնուհուն բերել մեր դպրոց: Եվ դեռ գալու են, սպասեեեեե՜ք:
Այսպիսով, դարձանք սեբաստացի, ապրում ենք որպես սեբաստացի և մնալու ենք սեբաստացի:
Սիրով՝ Սիլվա Հարությունյան

One thought on “Սեբաստացի դառնում-լինում-մնում են ընտանիքով

  1. Pingback: Սեբաստացու օրեր -Ամենասեբաստացիները | Սիլվա Հարությունյան

Leave a comment